Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ինը տարում լեյտենանտից գեներալ-մայոր

Ինը տարում լեյտենանտից գեներալ-մայոր
14.06.2023 | 10:24

1945 թվականի հունիսի 24-ին տոնական հանդերձի մեջ էր Մոսկվան՝ Խորհրդային Միության մայրաքաղաքն ու մասնավորապես նրա սիրտը՝ Կարմիր հրապարակը։ Ֆաշիստական Գերմանիայի դեմ ծանր գնով հաղթանակ տարած խորհրդային երկիրը նշում էր իր հաղթանակը։ Այն ձեռք էր բերվել անասելի զոհողությունների, միլիոնավորների արյան գնով, ու հաղթահանդեսին մասնակցելու ցանկություն շատ-շատերն ունեին, սակայն որքան էլ Կարմիր հրապարակը մեծ էր ու ընդգրկուն, այդուհանդերձ հաղթանակը կռած միլիոնավորներից քչերին կարող էր տեղ տալ։ Այդ սակավաթիվ երջանիկների մեջ էր նաև Գրիգորի Ակիմի Բաժենովը, կյանքն ում իր ոլորապտույտներում որքան էլ վերելքներ էր ուրվագծել-նախասահմանել, հիմնագծել էր և դառը ժամանակներ։

1897 թվականին թիֆլիսյան արհեստագործի ընտանիքում ծնված, արմատներով արցախցի, խորհրդային ռազմական գործիչ, պետանվտանգության գեներալ-մայոր Գրիգորի Ակիմի Բեժանովն անցել է կյանքի նշանակալի ուղի՝ հակահետախույզի ակտիվ գործունեությունը ներհյուսելով ադմինիստրատիվ աշխատանքի, պատգամավորական գործունեության հետ։

Բնատուր փայլուն տվյալները, ուշիմությունը նրան օգնել են գերազանցությամբ ավարտել ծննդավայրի առևտրային ուսումնարանը, կրթությունը շարունակել Պետրոգրադի հաղորդակցության ճանապարհների ճարտարագետների ինստիտուտում, որտեղից 1920 թվին ինքնակամ անդամագրվում է Կարմիր բանակին։

1921 թվականից նա արդեն ծառայության էր Չեկայում՝ Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովում։ Ծառայողական սանդղակով իրար հաջորդող բարձրացումները բերում են նրան, որ արդեն 1938 թվից Աբխազիայի ներքին գործերի ժողկոմի առաջին տեղակալն էր, Աբխազիայի ԻԽՍՀ գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։

Հարկ է նշել, որ Բեժանովը գիտելիքները հարստացնելու, ուսման մեջ խորանալու առանձնակի հակվածություն է ունեցել։ Չնայած աշխատանքային գերբռնվածությանը՝ ժամանակ է գտել և 1929 թվականին հեռակա ավարտել երկաթգծի տրանսպորտի ճարտարագետների ինստիտուտը (1929)՝ ստանալով երկրորդ բարձրագույն կրթություն։

Հայրենական մեծ պատերազմը նա դիմավորել է հեղափոխության օրրանում, որտեղ բացառիկ մասնակցություն է ունեցել Լենինգրադի շրջափակման ժամանակ երկրի արևելյան շրջաններ, խորը թիկունք ինչպես քաղաքից արտադրական ձեռնարկությունների, առաջնակարգ բանվորական ուժի ու մասնագետների տարհանման, այնպես և քաղաքի մատակարարման, պաշտպանական աշխատանքները կազմակերպելուն, կանոնակարգելուն։ Թե ի մասնավորի դրանք ինչ արժեցող ծառայություններ են եղել, անուղղակի վկայում են այդ ժամանակահատվածում նրան շնորհված շքանշաններն ու մեդալները։

Սակայն Լենինգրադում միայն այս խնդիրները չէին, որ կանգնած էին նրա առաջ։ Հակահետախուզությունը լարված աշխատանք էր տանում լրտեսների, հայրենիքի դավաճանների, տեռորիստների, դիվերսանտների, վնասարարների, ապստամբական գործողությունների մեջ ներգրավվածների բացահայտման ուղղությամբ։ Սրանց կողքին աշխատանքային առանձին ոլորտ էր քաղաքի բլոկադայի արդյունքում զոհվածների հաշվառումը, նրանց հուղարկավորության կազմակերպումը, մարդակերության դեպքերի կանխումը․․․

Լենինգրադում Գ․ Բաժենովի ունեցած առաջավոր փորձն էր պատճառը, որ շուտով նրան տեղափոխում են աշխատանքային-ծառայողական նոր ճակատ։ 1943-ից արդեն Ստավրոպոլի երկրամասի պետանվտանգության վարչության պետի տեղակալն էր։ Մեկ տարի անց Բաժենովը նշանակվում է Կաբարդինայի ԻԽՍՀ (հետագայում Կաբարդինա-Բալկարիայի ԻԽՍՀ) պետանվտանգության նախարար, նրան շնորհվում է գեներալական կոչում։

Պետանվտանգության հայազգի աշխատակցի վերջին նշանակումը կապված էր պատերազմի արդյունքում վերաձևված հողերից մեկի՝ Թյուրինգիայի հետ, որտեղ գլխավորում էրՆԳԺՀ-ՆԳՆ օպերատիվ սեկտորի պետի պաշտոնը(1945-1946)։

1947 թվականին հետևում է Գ․ Բաժենովի ձերբակալումը։ Ողջ մնալուց զատ բարեբախտություն էր և այն, որ 1953-ին նրա նկատմամբ քրեական հետապնդումը չեղարկվեց, արդարացվեց։ Նույն թվականին էլ նա առողջական վիճակի պատճառով ազատվում է ծառայությունից, անցնում պաշտպանության նախարարության տրամադրության տակ։

Գրիգորի Ակիմի Բեժանովը, ով եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-րդ գումարման պատգամավոր, Լենինի (1945), Կարմիր դրոշի կրկնակի (1944-ի մարտ, նոյեմբեր), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (1944), Պատվո նշանի (1943) շքանշանակիր էր, բազմաթիվ մեդալների տեր, ուներ «ՆԳԺԿ վաստակավոր աշխատակից» կրծքանշան, ԽՍՀՄ ՊՔՄՎ (1929) կոլեգիայի կողմից պարգևատրվել է «ԽՍՀՄ կառավարության հանձնարարությունները գերազանց կատարելու համար» ընծայագրութամբ ժամացույցով։

Վաստակաշատ հակահետախույզը մահկանացուն կնքել է 1965 թվականին, հուղարկավորված է Թբիլիսիում։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 4527

Մեկնաբանություններ